ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կառավարությունը զգացմունքային է, բայց զուրկ է բովանդակությունից

Կառավարությունը զգացմունքային է, բայց զուրկ է բովանդակությունից
22.03.2019 | 02:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի չորսուկես ժամ տևած ասուլիսում հնչեցին կարճ հարցեր ու երկարաշունչ պատասխաններ: Թեև նախապես հայտարարվել էր, որ ներկա բոլոր լրագրողները հարցեր տալու հնարավորություն կունենան, բայց մի շարք լրագրողների հարցեր օդում մնացին: Մի կողմ թողնելով ասուլիսի ձևաչափն ու կազմակերպվածության աստիճանը՝ մի քանի դրվագով անդրադառնանք բովանդակությանը` առաջին տիկնոջ «գերկարևոր» հարցից մինչև ընտանիքի հետ կապվածություն և ուղղաթիռի պարտադիր թռիչքային ժամեր: Կառավարությունը, ասում է վարչապետը, զգացմունք ունի: Միամիտներս էլ կարծում էինք, թե կառավարությունը տնտեսություն ղեկավարելու մաթեմատիկական սկզբունքով պետք է առաջնորդվի: Առաջին տիկնոջ հարցն օրակարգային չէ` ասում է, որովհետև մենք կնամեծար ազգ ենք, ու ամենքիս համար մեր տիկինն է առաջինը: Ինչ խոսք, հուզիչ է: Ընտանիքս միշտ ինձ հետ է` ընդգծում է Փաշինյանը, հետևաբար հանգիստ նստե՛ք տեղներդ ու մի՛ քննադատեք, երբ նրանց հետ եմ գնում շրջագայությունների, բա լա՞վ էր, որ ես բանտում էի, նրանք մտահոգվում էին ինձնով: Չէ, իհարկե, ոչ մի վատ բան էլ չկա, ուղղակի, պետական պաշտոն զբաղեցնելուց առաջ, պետք էր հաշվի առնել, որ պաշտոնական այցերն առանց ընտանիքի պետք է լինեն, անքուն գիշերներ էլ եք անցկացնելու, առանց ընտանեկան սիրո ու բերկրանքի էլ եք մնալու: Ընտանեկան սիրո ու ջերմության կարիք ունեն նաև սահմանն օրուգիշեր հսկող սահմանապահները, բայց նրանք, իրենց փոքրիկին ծոցն առնելու համար, ընտանիքը հետները զորամաս չեն տանում: Պետական պաշտոնը նաև որոշ քաղցրություններից զրկվել է նշանակում, ինչի հետ պարտավոր են հաշվի նստել բոլոր չինովնիկները: Կրկին հանգիստ նստելու տրամաբանությունից էր բխում պետական ապարատը սպասարկող ուղղաթիռն ու ինքնաթիռն ընտանեկան կարիքներին ծառայեցնելու «հիմնավորումը»: Միևնույն է պետք է թռչի, ի՞նչ կարևոր է` օդ կբարձրանա դատարկ, թե՞ վարչապետի ընտանիքը Արցախ կտեղափոխի` զինվոր որդուն տեսության: Հայաստանում հարյուրավոր ծնողներ կան, որ երազում են ծառայության մեջ գտնվող զավակին տեսնել, հետաքրքիր է՝ թռիչքի համար պարտադիր ժամեր ունեցող ուղղաթիռը նրա՞նց երբ է իրենց որդիներին հասցնելու:


Հեչ պարտադիր չէ նաև, որ մտահոգվենք, թե Սերժ Սարգսյանին քանի՞ մեծահարուստ է «դիպլոմատով» փող տարել, այժմ դա օրակարգային չէ: Հասարակության կրքերը պետք էր բորբոքել, բորբոքեցին, անցավ գնաց: Ասուլիսում պարզ դարձավ նաև, որ ներդրողները հերթ են կանգնել կառավարության դռան առաջ ու խնդրում են իրենց հնարավորություն տալ «Թեղուտի» ու «Ամուլսարի» ներդրողների նման վայելելու օդից կախված լինելու հաճույքը:
Լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ խիստ բարյացակամ վերաբերմունքն էլ, ըստ վարչապետի, չարժե կասկածի տակ առնել. ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ո՛չ այցելում են խմբագրություններ, ո՛չ էլ տեխնիկա են առգրավում: Դա երևի վատ երազ է, որ տեսնում ենք լրագրողներս իշխանափոխությունից հետո, ճիշտ այնպես, ինչպես Փաշինյան ընտանիքի` լրատվամիջոցներին դասեր տալու նպատակ ունեցող ֆեյսբուքյան ստատուսները:


Մի խոսքով, ասուլիս, որի ընթացքում որևէ հարցի վերջնական ու ամբողջական պատասխան չտրվեց, ընդամենը մոնոներկայացում այն մասին, թե ինչքան վատն են նախկինները ու, փառքդ շատ, Աստված, որ ազատեցիր նրանցից: Հասարակության օր օրի վատացող սոցիալական վիճակի, գործազուրկ մարդկանց թվի աճի, փակվող գործարանների թեմաներից շեղելու համար Փաշինյանը ժամանակ առ ժամանակ պետք է նման ասուլիսներ հրավիրի, քանի դեռ հասարակության մի հատված էյֆորիայի մեջ է ու հավատում է նրա ամենակարող լինելուն: Իսկ խոսելու սիրահար վարչապետին խորհուրդ ենք տալիս հաջորդ անգամ հարցերին պատասխանել ըստ էության ու լսել բացառապես բոլորին: Ի դեպ, լրագրողները հանգիստ տեղները նստողներից չեն, նրանք միշտ էլ հիշելու և հիշեցնելու բան ունեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ